Առաջին ատյանի դատարանն անօրինական վճիռ է կայացրել` հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող, Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանին 11 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտելով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի պաշտպան Հրանտ Գեւորգյանը:

«Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ անօրինական վճիռ կայացրին: Ես ներկայացրել եմ, որ ոչ մի ապացույց հաստատված չէ, ամեն ինչ բացառապես ենթադրությունների վրա է հիմնված եղել: Դատավորն էնպիսի բաներ է գրել դատավճռում, որ գլուխդ կբռնես, էդքան սուտ որտեղի՞ց է հորինել: Դատավճիռը որ կարդում եմ, կատաղությունից փրփրում եմ»,-ասաց պաշտպանը:

Հրանտ Գեւորգյանը վստահեցրեց, որ Հերիքնազ Խաչատրյանին դապատվճիռը պատվիրված է եղել:

«Դա պատվեր էր, տվեցին, կատարեց: Հերիքնազն արդեն 7-րդ կինն է, որ նույն մեղադրական տեքստով դատվում է, առանց պարզելու` նրանք իրոք կապ ունեցել են մարմնավաճառների հետ, թե ոչ: Ես լրիվ համոզված եմ, որ Հերիքնազը կապ չի ունեցել, դա  գործին կցված փաստատթղթերով էլ է երեւում»,-ասաց նա:

Հրանտ Գեւորգյանը նշեց, որ այժմ աշխատում է առաջին ատյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի վրա:

«Բողոքարկելու ենք վճիռը, որովհետեւ դա վճիռ չէ, դա մեր արդարադատության ամոթն է»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 1-ին մեղավոր ճանաչեց հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող, Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանին՝ դատապարտելով նրան 11 տարի 6 ամսվա ազատազրկման: Մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:

Նույն գործով Հերիքնազ Խաչատրյանի քույրը` Բավական Խաչատրյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թարֆիքինգի զոհ դարձել: