Պարույր Հայրիկյանը որոշել է այլեւս չհամագործակցել «Ոչ»-ի ճակատի ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշման պատճառն այն է, որ ինքը համաձայն չէ երկու ճակատների գործողությունների հետ:
«Ինպես կարելի է քաղաքացիներին խաբել: Հանրահավաքում դու պիտի տեսակետներ ասես, կարծիք լսես, ոչ թե ասես՝ էսօր որոշել եմ ծաղիկ դնեմ, քայլեմ էսքան, մանկապարտեզային բաներ են, դա իմ տեղը չի: Էդ տեսակ գործընկերների հետ անձամբ ճանապարհ գնալու ցանկություն չունեմ: Ժողովրդի միջից 17-18 տարեկան երիտասարդներ ասում են՝ մեզ կապիկի տե՞ղ են դնում, մեկ ասում են առաջ, մեկ ասում են՝ հետ»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքը դժգոհ է ոչ միայն «Նոր Հայաստանի» գործելաոճից, այլեւ ՀԱԿ-ի, քանի որ կուսակցությունը միասնականության կոչ է անում ու միաժամանակ առանձին հանրահավաք հրավիրում:
Նա նշեց նաեւ, որ ինքն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննակումը իրավական հարթություն տեղափոխել, սակայն մյուս ուժերը դրան չեն արձագանքել:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն` 63,35 տոկոսը (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող): Ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է մոտ կես միլիոն ձայնով:




























