Վենեսուելայի ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի Ազգային ասամբլեայում ստացել է ավելի քան 100 մանդատ։ Այս մասին վկայում են երկրի ազգային ընտրական խորհրդի ներկայացրած տվյալները։
Ըստ առկա տեղեկությունների՝ «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր կոալիցիան խորհրդարանում կստանա 167-ից 107 տեղ։ Հանգուցյալ Ուգո Չավեսի հաջորդների «Միասնական սոցիալիստական» կուսակցությունը կստանա 55 տեղ։
Եվս 3 մանդատ կստանան բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները։ 2 մանդատի ճակատագիր դեռեւս անհայտ է։ Եթե դրանք նույնպես բաժին հասնեն ընդդիմությանը, ապա այն խորհրդարանում կունենա ձայների ավելի քան 2/3-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի քան 100 մանդատ ունենալով՝ ընդդիմությունը կարող է անվստահության քվե հայտնել փոխնախագահին եւ կառավարության անդամներին։ Բացի այդ, նա իրավունք է ստանում նշանակել պետական տարբեր կառույցների ղեկավարներին։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար նրանց անհրաժեշտ է ունենալ ավելի քան 111 ձայն։




























