Հանրային ռադիոյի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել եւ մտադիր է մասնակցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Այս մասին Ամիրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձեւաչափի մեջ: Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերեւս չեմ հասցրել ասել Ձեզ:
Շնորհակալություն Ձեր մասնագիտական բարձր որակը եւ կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու համար: Շնորհակալություն Ձեր մարդկային բարի եւ գնահատող տեսակի համար, շնորհակալություն ունկնդրի հանդեպ Ձեր անկեղծության, անաչառության եւ նվիրումի համար:
Համոզված եմ, որ այսուհետեւ եւս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին` նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում եւ շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ լուրեր էին պտտվում, որ Ամիրյանը նշանակվելու է մշակույթի նախարար:




























