ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա ձերբակալված, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Միրիջանյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը՝ նշելով, որ դատարանը երեկ կալանավորելու որոշում է կայացրել:
«Իմ պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի եւ ես բողոք եմ ներկայացրել, որ նրա խափանման միջոցը փոխվի, քանի որ այս պայմաններում նրան կալանքի տակ պահելն անթույլատրելի է»,- ասաց Ամիրխանյանը՝ հրաժարվելով գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել:
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ բավարար հիմքեր:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:




























