Ի նշան ահաբեկչության դեմ պաքարում համերաշխության, Ռուսաստանը Ֆրանսիայի ոստիկանությանը Դոբրինյա անունով շնիկ է նվիրել, եւ այդ քայլը բազմամյա միտման շարունակություն է, որի համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շներ է նվիրում՝ արտահայտելու համար իր աջակցությունն իր դաշնակիցներին, կամ ցուցադրում իր առավելությունը թշնամիների նկատմամբ, գրում է Foreign Policy ամսագիրը:
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Սպիտակ Տուն այցելության ժամանակ Պուտինը տեսել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի Բարնի անունով շոտլանդական թերիերին ու հարցրել. «Դուք սա շո՞ւն եք համարում»: Մեկ տարի անց նա Բուշին ցույց էր տվել իր սեւ լաբրադոր Կոնիին եւ հայտարարել, որ նա ավելի մեծ է, ուժեղ ու արագ, քան Բարնին:
2007-ին Ռուսաստանի առաջնորդն իր լաբրադորի հետ եկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման, իմանալով, որ վերջինս վախենում է շներից, հաղորդում է Gazeta-ն:
«Ես գիտեմ, թե ինչու է նա այդպես վարվել՝ ցույց տալու համար իր առնականությունը»,-ասել է Մերկելը լրագրողներին: Նա այդ քայլն անվանել է «անհարմար քաղաքական ձեւամոլություն»:
Պարբերականը նշում է, որ Պուտինն օգտագործում է շներին ոչ միայն որպես արտաքին քաղաքականության խորհրդանիշ: Այս տարի ղրղզ աշակերտուհին նամակ էր հղել Պուտինին, որտեղ պատմել էր, որ երազում է նյուֆաունդլենդ շնիկի մասին: ՌԴ նախագահն արձագանքել էր խնդրանքին, եւ աղջկան շուն էր նվիրել: Վերջինս էլ շնիկին կոչել էր «Դառ» (նվեր):




























