Հայաստանի գլխավոր դատախազությունն արձագանքել է տեղեկությանը, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների փոխարեն դեկտեմբերի 6-ին քվեարկել են:
Դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ «Հրապարակ» օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու եւ դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «Երեկ խմբագրություն էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը եւ ասում էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլեւ դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության»:




























