Anonymous հաքերական կազմակերպությունը իր կողմնակիցներին կոչ է արել մասնակցել «Իսլամական պետության» թրոլինգի օրվան, որը կկազմակերպվի դեկտեմբերի 11-ին, գրում է The Independent թերթը:
Ակտիվիստները դիմել են ինտերնետի օգտատերերին ու խնդրել, որ այդ օրը նրանք, ահաբեկիչներին վերաբերող մեմեր հրապարակեն ու ԻՊ զոհված անդամների լուսանկարները տեղադրեն: Նրանք նաեւ առաջարկել են տպել այն լուսանկարները, որոնց վրա պատկերված են ահաբեկչական կազմակերպության մասնակիցների նկատմամբ կտտանքները, ու այդ լուսանկարները տարածել քաղաքներում:
Հաքերների կարծիքով նման քայլը կօգնի քաաղքացիներին ազատվել այն վախից, որը նրանց փորձում են ներշնչել ահաբեկիչները, հայտնում է Gazeta-ն:
«Մեր ակցիաները հասկանալու համար, դուք պետք է հասկանաք, թե ինչպես է գործում ԻՊ-ն: Նրանք հզորանում ու բարգավաճում են մեր վախի շնորհիվ, նրանք հույս ունեն, որ իրենց գործողություններով մեզ կստիպեն լռել ու պարզապես թաքնվել: Բայց շատերը մոռանում են, որ աշխարհում նրանց հակառակորդներն ավելի շատ են, քան կողմնակիցները»,- ասել է Anonymous-ի ներկայացուցիչը:
Հաքերական խմբի կողմնակիցները արդեն ռեկոմենդացիաներ են տարածում նրանց համար, ովքեր ուզում են մասնակցել դեկտեմբերի 11-ի ակցիային: Նշում են, որ իսլամիստների թրոլինգի համար օգտագործվելու են զանազան ինտերնետային հարթակներ՝ YouTube, Facebook, Instargram, Twitter եւ այլն:




























