Բժշկական համալսարանի շրջանավարտները ձևավորել են կայուն և բարձրակարգ աշխատանքային շուկա և բազմիցս ապացուցել իրենց մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա շնորհավորել է ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին եւ բոլոր տարիների շրջանավարտներին` բուհի 95-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

«1921 թ. նոյեմբերի 3-ին Երեւանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացվեց դպրոց, որը բժշկական կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն էր: Այնուհետեւ այդ դպրոցի բազայի վրա հիմնվեց Երեւանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը` հնարավորություն ընձեռելով հայ երիտասարդներին հայրենիքում ստանալու բարձրակարգ բժշկական կրթություն: Բժշկական ֆակուլտետի հիմնադրման եւ կայացման գործում իրենց նշանակալի ավանդն են ունեցել ինչպես ժամանակի պետական գործիչներ Ասքանազ Մռավյանը, Սեմյոն Լազարեւը, այնպես էլ խորհրդահայ բժիշկների ավագ սերնդի մի շարք անվանի ներկայացուցիչներ», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ տասնամյակների պատմության ընթացքում բուհը դարձել է բժշկական կադրերի մասնագիտական դարբնոց, որտեղ կրթվել են բարձրակարգ բժիշկների բազմաթիվ սերունդներ: «Երեւանի պետական բժշկական համալսարանը վերջին տարիներին մի շարք նշանակալի բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են, մասնավորապես, նորաբաց ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը եւ վերանորոգված կլինիկաները, որոնք ապահովում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, եւ որտեղ բժշկական պահանջված կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ: Պարոն Աշոտյանն ինձ զեկուցեց, որ ԵՊԲՀ-ի ուսանողների 25 տոկոսն արտասահմանից է, ինչն ուրախալի է եւ կարեւոր գնահատական է բուհի գործունեությանը:

Բժիշկն այն եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունն սկսելուց առաջ երդվում է եւ  պարտավորվում առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլեւ մարդասիրությամբ ու գթասրտությամբ՝ երբեք չմոռանալով, որ գործ ունի մարդու կյանքի եւ առողջության հետ: Բժշկական համալսարանի շրջանավարտները ձեւավորել են կայուն եւ բարձրակարգ աշխատանքային շուկա եւ բազմիցս ապացուցել իրենց մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված եւ ընդունված է ամբողջ աշխարհում, եւ սա մեզ համար, իսկապես, հպարտանալու, ինչպես նաեւ մեկ անգամ եւս պետական բժշկական համալսարանի կարեւորագույն դերակատարումը գնահատելու առիթ է», - ասել է կառավարության ղեկավարը: