Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվող բոլոր ջոկատների մեջ կան Թուրքիայի հետախուզության ծառայության աշխատակիցներ։ Նման հայտարարություն է արել այսպես ասած Սիրիայի «թուրքմենների» «Սուլթան Մուրադ» բրիգադի զինյալներից ու ստեղծողներից Յ.Ք.-ն։
Թուրքական BirGun-ի հետ զրույցում Յ.Ք.-ն մանրամասն պատմել է զինված խմբավորումների առաջացման պատմությունն ու Թուրքիայի կողմից դրանց ֆինանսավորելու ու զինելու մասին։
«Մեր բրիգադը ստեղծվել է Թուրքիայի հետ սահմանից 3 կմ հեռավորության վրա գտնվող թուրքմենական Քարաքյոփրու գյուղում։ 5 հոգով ստեղծեցինք ջոկատը, որին ամեն օր նոր անդամներ էին միանում։ Այնուհետ Ասադի բանակից հեռացած 3 զինվորական միացան մեզ։ «Սուլթան Մուրադ» անունը մեր բրիգադին տվել է Թուրքիայի հետախուզության ծառայությունը։ Բացի այդ, Թուրքիայի հետախուզությունը անվանակոչել ու կառավարում է «Սուլթան Սելիմ Ահեղ», «Սուլթան Ֆաթիհ Մեհմեդ» եւ «Սուլթան Աբդուլ Համիդ» բրիգադները։ Այդ խմբերը սկսել են կազմավորվել 2012-ին։
Մենք միայն սկզբում էինք մեր գյուղը պաշտպանում, սակայն հետո մեզ ուղղորդեցին պատերազմել Ասադի դեմ։ Նույնիսկ Թուրքիայի հետախուզության միջոցով գնացինք Թուրքիա զինվորական վերապատրաստման։ Մեզ տարան Անկարայի մոտակայքում հատուկ պատրաստված տարածք, որտեղ կար հյուրանոցի պես շինություն։ Այդ վայրում մեզ տարբեր պայմաններում մարտ վարելու կրթություն տվեցին։ Գիտեմ, որ այդ վայրում մոտ 3 տարի սիրիացի զինյալներին են վերապատրաստում։ Թուրք սպաները մեր հետ շատ ընկերական էին։ Իսկ վերապատրաստման վերջում մեզ տվեցին 500 դոլար եւ 100 լիրա։ Այնուհետ կրկին տեղափոխեցին Սիրիա՝ կռվելու Ասադի դեմ։
Թուրքիայից եկած զենքերը ստանում ենք Ազեզի կամ Ռեյհանլըի սահմանակետից։ Միեւնույն ժամանակ երկու բեռնատարները միմյանց են մոտենում եւ տեղի է ունենում զենքերի ստացումը։ Թուրքիայի հետախուզությունը զենք է տրամադրում նաեւ մյուս խմբավորումներին։ Զենք ստանալու վայրում էին լինում «Լիվա Թեվհիդ» ու «Իսլամական պետության» զինյալները։ Մի որոշ ժամանակ առաջ մեր բրիգադը Հալեպում «Իսլամական պետության» հետ համատեղ էր կռվում Ասադի դեմ։ Մինչ հիմա էլ Թուրքիան Սիրիայում գործող խմբավորումներին զենք է տալիս, հենց սկսի զենք չտալ, պատերազմը կվերջանա»,-ասել է «Սուլթան Մուրադ» բրիգադի զինյալը։




























