Ճապոնիայում «Վատամի» ռեստորանային ցանցի ինքնասպան եղած աշխատակցուհի Մինա Մորիի ծնողներն իրենց դստեր գործատուից մոտ 1,1 մլն դոլար կստանան: Աղջկա հարազատները դիմել են դատարան՝ պահանջելով փոխհատուցում վճարել այն բանի համար, որ իրենց դուստրը չդիմանալով չափից ավելի աշխատանքի ծանրաբեռնվածությանն առանց հանգստյան օրերի, ինքնասպան է եղել:

Աղջիկը գիշերային հերթափոխին աշխատել է ավելի քան 10 ժամ, որից հետո, ըստ գրաֆիկի, ստիպված է եղել վաղ առավոտյան նորից աշխատանքի գնալ: Հանգստյան օրերը նա զբաղված է եղել ընկերությունում դասընթացների մասնակցելով: Մահից մեկ ամիս առաջ աղջիկն իր օրագրում գրել է. «Մարմնիս ամեն մասը ցավում է, ես ծանր վիճակում եմ, տրամադրությունս ճնշված է, չեմ կարողանում արագ շարժվել, օգնեք ինձ»:

Սկզբում ընկերությունը չի ցանկացել խոստովանել, որ կապ կա աշխատանքի պայմանների եւ ինքնասպանության միջեւ, սակայն ավելի ուշ «Վատամիի» ղեկավար Միկի Վատանաբեն աղջկա ծնողների հետ հաշտության համաձայնագիր է կնքել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ընկերությունը նաեւ պարտավորվել է միջոցառումներ ձեռնարկել իր աշխատակիցների աշխատանքի պայմանները բարելավելու ուղղությամբ: