Մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու իր առաջարկով նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն աջակցում է ամերիկացիներին սատանայացնելու «Իսլամական պետության» ջանքերին, գրում է The Washington Post թերթը։

Հաղորդվում է, որ Փարիզի ահաբեկչություններից եւ Սան Բեռնարդինոյի հրաձգությունից հետո մի շարք արեւմտյան վերլուծաբաններ մեծ կասկածանքով են վերաբերվում մուսուլմական երկրներից ժամանողներին, ինչը միայն բեւեռացնում է հասարակությունը։ Պարբերականի կարծիքով՝ ահաբեկիչներին ձեռնտու է, որ ամերիկացիներն ատեն փախստականներին։ Այսպիսով՝ ԻՊ-ը կկարողանա ավելի շատ համախոհներ հավաքել՝ հայտարարելով, որ Արեւմուտքը կանխակալ է մուսուլմանների նկատմամբ, փոխանցում է Gazeta-ն։

«Եթե մուսուլման փախստականներին Եվրոպայում ջերմ ընդունեն, դա կսասանի ԻՊ օրինականությունը։ Գրեթե լիակատար վստահությամբ կարելի է ասել, որ ԻՊ-ն ուզում է, որ փախստականներին հավասարեցնեն ահաբեկիչների հետ»,- կարծում է The Washington Post-ի լրագրող Ադամ Թեյլորը։

Հեղինակը կարծում է, որ Թրամփի արտահայտություններն առհասարակ չեն օգնում ազգի համախմբմանը, եւ քաղաքական գործիչը չի գիտակցում, որ նրա «անփոփոխ քսենոֆոբիան» կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։