Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ընդլայնելով համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի աշխարհագրական շրջանակը, նախաձեռնել են Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի արտաքին լուսավորության ապահովումը, տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։ Նժդեհ եւ Ցղունի գյուղերն ընդգրկող համայնքում տեղակայվել է 43 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Համայնքը երկար տարիներ չի ունեցել արտաքին լուսավորություն: Այժմ այստեղ փողոցների 80%-ն (մոտ 1420 մ տարածություն) ապահովված է լուսավորությամբ:
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նժդեհ համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանը եւ համայնքի բնակիչներ:
Նախիջեւանի հետ սահմանակից Նժդեհ գյուղական բնակավայրն ունի 185 բնակիչ: 1989-1992թթ. այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված եւ Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը։ Բացառապես համայնքային բյուջեով ծրագրեր իրականացնելն իրատեսական չէ. համայնքի զարգացման համար կարեւոր են երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագրերը:
«Հանրապետության հինգ մարզում իրականացնում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը: Դրանից օգտվում են աջակցության մեծ կարիք զգացող սահմանամերձ, հեռավոր գյուղերի մեր հայրենակիցները: Ծրագիրը, որի արժեքն ավելի քան 207 մլն դրամ է, հնարավորություն է տալիս ամբողջությամբ լուծելու մի քանի գյուղի խնդիր: Մենք, սակայն, ընտրել ենք մեկ այլ՝ շատերին օգտակար լինելու մոտեցումը: Դա կարեւոր է ոչ միայն մեր հայրենակիցների շրջանում վաղվա օրվա հանդեպ հույս, հավատ, լավատեսություն արթնացնելու, այլեւ համայնքին ֆինանսական ռեալ աջակցություն դրսեւորելու՝ բյուջեում խնայված միջոցներ ապահովելու առումով: Այս կերպ մենք ապահովում ենք ծրագրի բուն՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսությունների զարգացման նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունն 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ կեսգիշեր: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի կենսունակության, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման:




























