Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է բոլորովին նոր հարաբերություններ սկսել երկրի բնիկ ժողովուրդների հետ եւ պլանավորում է հետաքննել 1200 բնիկ կանանց սպանությունների եւ անհետացումների դեպքերը, գրում է The Guardian-ը։ Լիբերալների առաջնորդն այս մասին հայտնել է Գաթինո քաղաքում Առաջին ազգերի ասամբլեայի առջեւ ելույթի ժամանակ։
«Զոհերն արժանի են արդարության, իսկ նրանց ընտանիքների ձայնը պետք է լսելի լինի։ Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի վերջ դնենք այս շարունակական ողբերգությանը»,- ասել է Թրյդուդոն, փոխանցում է Gazeta-ն։
Պարբերականը նշում է, որ բնիկ կանանց թիվը Կանադայում ընդամենը 4 տոկոս է կազմում, սակայն դրա հետ մեկտեղ նրանց սպանություններին բաժին է հասնում ողջ երկրում կանանց սպանությունների 16 տոկոսը։ Ինուիտներն ու մետիսները 3 անգամ ավելի հաճախ են բախվում բռնության, քան մյուս ժողովուրդների ներկայացուցիչները։
Բնիկների սպանությունները բացահայտելու երկամյա նախագծի համար լիբերալները խոստացել են հատկացնել 40 մլն դոլար։




























