Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով: Դեկտեմբերի 8-ի երեկոյան նրան է այցելել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ստացել էր հրազենային բեկորային, ստորին եւ վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով: Այժմ հիվանդը ստանում է սիմպտոմատիկ թերապիա: Ողջ ծավալով կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Վ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նրա կյանքը փրկելու եւ առողջությունը վերականգնելու համար:

Արմեն Մուրադյանը զրուցել է զինծառայողի հետ, մանրամասն հետաքրքրվել նրա առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ զինծառայողն Արարատի մարզի Ղուկասավան համայնքից է եւ մի քանի օրից զորացրվելու է:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու եւ ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: