Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը համեմատած մյուս տարիների, հետընթաց է ապրել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը:
«Այս տարի թանկացումների դեմ բողոքի ակցիան եւ հանրաքվեն ցույց տվեցին, որ մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները: Ընտրությունների անցակացման հետ կապված հետընթաց էր՝ նախորդ ընտրությունների հետ համեմատած: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում տեղի ունեցան մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ: Վերակենդանացվեցին բոլոր այն խախտումները, որոնք տեղի էին ունենում մինչեւ 2008թ. եւ դրանց գումարվեցին այլ խախտումներ: Ընտրությունները ազատ ու անկախ չեն եղել, ժողովրդի կամքը չի արտահայտվել եւ այդ ամեն ինչը պատշաճ ձեւով չի արձանագրվել, իրավական պաշտպանության իրավունքը եւս խախտվել է, քանի որ վստահված անձանց ու դիտորդներին թույլ չեն տվել անարգել ձեւով ծանոթանալ ընտրական ցուցակներին: Սա համակարգային բնույթ է կրում եւ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչել»,-ասաց Արտակ Զեյլնալյանը:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամի խոսքով, Հայաստանում խախտված է նաեւ ազատության իրավունքը. «Այսօր Ազատության հրապարակում նստացույց է տեղի ունենում, ձմեռը եղանակային պայմամներն այնպիսին են, որ առանց վրանների անհնար է, սակայն, վրաններ թույլ չի տրվում տեղադրել եւ սա նույնպես մարդու իրավունքների խախտում է: Լրագրողները ենթարկվել են բռնությունների, կոտրվել են նրանց տեսախցիկները, սակայն, պատշաճ քննություններ չեն իրականացվել, որը ես մարդու իրավունքների խախտում է»:
Արտակ Զեյնալյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի իշխանությունները չեն ապահովում, եւ այս փաստի հետ չեն կարող վիճել, քանի որ դա ապացուցված է: Իշխանությունները իրենց պարտականությունները չեն կատարում, քանի որ իշխանությունը յուրացված է: Չափազանց շատ է նաեւ սեփականության իրավունքի հետ կապված խախտումները, ԴԱՀԿ-ն գումարներ է բռնագանձում՝ ամսական մի քանի տուգանքներ նշանակելով, դա համատարած բնույթ է կրում եւ միայն այս մարմինները չեն, որ տուգանում են մարդկանց, հարկային յուրաքանչյուր տեսչություն ամսական մոտ 200 տուգանքի որոշում է կայացնում, որոնք տնտեսական ազատ գործունեության, մարդու սեփականության իրավունքի միջամտություններ են»,-ասաց նա:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, պետք չէ համեմատվել այլ երկրների հետ, քանի որ հայ ազգը ունակ է եւ Հայաստանը կարող է լինել իրավունք արտահանող երկիր. «Մենք արժանի ենք եւ պետք չէ համեմատվենք այլ երկրների հետ: Իրավունքի ոլորտներ կան, որոնց պարագայում եվրոպական երկրների հետ էլ չենք ուզում համեմատվել, քանի որ մենք ավելի լավն ենք»:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ Հայաստանում պաշտպանված չեն նաեւ երեխաների ու ծերերի իրավունքները, քանի որ եթե մարդու կյանքի իրավունքը, քաղաքական իրավունքը եւ այլ իրավունքները պաշտպանված չեն, ապա հնարավոր չէ հասնել երեխաների ու ծերերի իրավունքի պաշտպանվածությանը:




























