Սոցիալական ներդրումների հիմնադրամի (այժմ Տարածքային զարգացման հիմնադրամ) շրջանակներում Համաշխարհային բանկը Հայաստանին օգնել է իրականացնել մոտ 900 ծրագիր։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Հիմնադրամի 20-ամյակի միջոցառումներին նվիրված համաժողովի բացմանն ասել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը (ֆոտոռեպորտաժ)։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Հիմնադրամը մեծ աշխատանք է տարել հանրապետության համայնքների վերակազմավորման եւ ուժեղացման համար։ Հիմնադրամի շրջանակներում ՀԲ ծրագրերն ուղղված են կենսականորեն կարեւոր օբյեկտներին՝ դպրոցներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, խմելու եւ ոռոգման ջրանցքներ։ «Հայաստանի մարզերի զարգացումը Կառավարության առաջնայնություններից է։ Ստեղծվել է համայնքների ինֆորմացիոն բազա, դրանց զարգացման 4-ամյա պլան։ Իսկ մոտակա ամիսներին մենք քննարկման կներկայացնենք զարգացման նոր կոնցեպտ»,- հավելել է Գաբրիելյանը։



























