Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագիծն, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում ընդունվեց կողմ 97, դեմ 12, ձեռնպահ 3 ձայներով:
Հենց տեղից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին՝ վստահության համար եւ հավելեց, որ դա պարտավորեցնող է, ինչին հետեւեցին պատգամավորների ծափահարությունները:
Մինչ այդ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
«ՀՅԴ-ի գնահատականը հայտնի է. աննախադեպ համեստ ցուցանիշներ են: Այս դեպքում գերկարեւոր է դառնում կառավարության արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը: Քանի որ լինելու են հերոսաբար դեմ եւ հերոսաբար կողմ քվեարկողներ, ՀՅԴ խմբակցությունը չի քվեարկի բյուջեին»,-ասաց նա:
Ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Այստեղ հերոսության շքահանդես չէ, ԲՀԿ-ն ոչ հերոսաբար, այլ պրագմատիկ քվեարկում է կողմ»:
Նշենք, որ 2016-ի բյուջեի նախագծին դեմ են արտահայտվել ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:



























