Սահմանադրական փոփոխություններն ու կառավարման խորհրդարանական համակարգի անցումը հնարավորություն է տալիս կուսակցություններին զարգանալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը:

«Պետք է պայման ստեղծել կուսակցությունների զարգացման համար: Եթե մեկ երկրում ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու շուրջ, եւ այդ մեկ պաշտոնով ամեն խնդիր լուծվում է, բնական է, որ կուսակցությունները դառնում են ոչ թե գաղափարական միություններ, այլ թիկնապահների շարքեր, որոնք պետք է իրենց ղեկավարին տանեն հասցնեն այդ պաշտոնին: Խորհրդարանական համակարգի անցնելով՝  իշխանությունը ցրվում է եւ գաղափարական դաշտում է սկսվում պայքարը»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե ՀՅԴ-ն կողմ էր Սահմանադրական փոփոխություններին, քանի որ կոալիցիա մտնելու մտադրություն ունի, Լեւոն Մկրտչյանը հիշեցրեց, որ իրենք արդեն 25 տարի է՝ պայքարում են կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու համար:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824: