Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու որեւէ հարց չի քննարկել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որը մասնակցում էր ՀՅԴ 125-ամյակին նվիրված գիտաժողովին:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ ինքը հնարավորություն չի տեսնում նաեւ, որ 2017թ.-ին ՀՅԴ-ն մեծամասնություն կդառնա խորհրդարանում:
«Բայց որ խորհրդարանական համակարգը փոխելու է մեր քաղաքական մշակույթը, նպաստելու է քաղաքական ուժերի կայացմանը, դրանում համոզված եմ։ Համոզված եմ նաեւ, որ Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որ իր քաղաքական ճանապարհով ընթանում է, և առաջիկայում մենք շատ ավելի ռեալ դերակատարություն կունենանք Հայաստանի քաղաքական կյանքում»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:




























