ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի բնակիչ Մեթյու Ռիգինսը, որին կասկածում են կողոպուտի մեջ, ալիգատորի զոհ է դարձել՝ փորձելով ոստիկաններից թաքնվել լճում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ Ռիգգինսը եւ նրա համախոհը, որի անունը չի հրապարակվում, բռնվել էին Բրեւարդ քաղաքում կողոպուտ կատարելիս։ Փորձելով փախչել ոստիկաններից՝ 22-ամյա տղամարդը մտել էր լիճը՝ հուսալով, որ ոստիկանական շները կկորցնեն իր հետքը։ Ջրում նրա վրա հարձակվել էր 3.5 մ երկարությամբ ալիգատորը։

Տղամարդու մնացորդները հայտնաբերվել էին լճում 10 օր անց միայն, երբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն։ Իրավապահները բռնել եւ քնեցրել էին դեպքի վայրում հայտնաբերված ալիգատորին։ Դատաբժշկական փորձագետները, ուսումնասիրելով ալիգատորի ստամոքսի պարունակությունը, հաստատել էին, որ հենց նա է կերել Ռիգգինսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա հանցակիցը կարողացել է դիմել փախուստի։