ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ եւ քննարկել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի եւ դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների եւ հայկական կողմի պատասխան գործողությունների մասին: Մասնավորապես, պարոն Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետեւողականորեն ապակայունացնելու վերաբերյալ՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում:

Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Դեսպան Ա. Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել: