Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով մենք մոտեցանք Հայոց պետականության ակունքներին: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ ՀՅԴ 125 ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը եւ հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովում ունեցած իր ելույթում:

Նա իր ելությում, մասնավորապես, նշել է.

«Այն հարցը թե ինչո՞ւ հենց Դաշնակցությունը դարձավ մեր զույգ հանրապետությունների հիմնադիր քաղաքական ուժը, մինչ օրս բազմաթիվ, հաճախ իրարամերժ  մեկնաբանությունների  է արժանանում։ Բայց ինչպիսին էլ լինեն դրանք,  դուք որպես պատմագիտության ոլորտի մասնագետներ,  մեզնից լավ գիտեք, որ պատմության  անվիճելի փաստերը ոչ ոք չի կարող հերքել։

Ուրեմն՝ ժամանակն է, որպեսզի ակադեմիական գիտությունը նույնպես գտնի այս հարցի պատասխանները, որովհետեւ ներկա բարդ ժամանակներում մեր ժողովուրդը սուր կերպով զգում է իր պետական կեցության արժեչափերի վերաիմաստավորման կարիքը։

Դրա վառ վկայությունը դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեն էր, որի միջոցով մենք մոտեցանք Հայոց պետականության ակունքներին՝ որդեգրելով խորհրդարանական կառավարման համակարգը, ինչը ազգի ու պետության միջեւ առկա որոշակի անջրպետը հաղթահարելու եւ ազգին կրկին պետության լիարժեք տերը դարձնելու լուրջ քայլ է։

Հարգելի գիտնականներ։ Հստակորեն թեմատիկ ուղղվածություն ունեցող «ՀՅԴաշնակցությունը եւ Հայոց պետականությունը» գիտաժողովից  մենք սպասում ենք ազգային պետականության որոշակի ու հստակ բնորդի՝ Հայաստանի առաջին Հանրապետության պատմության այն առավել բարդ ու վիճահարույց  հարցերի խորքային վերլուծությունները, որոնց կարիքը զգում ենք ամեն քայլափոխի։ Դատելով գիտաժողովին ներկայացված զեկուցումների թեմաներից  դրանք ընդգրկված են նրա օրակարգում. Առաջին Հանրապետության խորհրդարանական կառավարման փորձ, խորհրդարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերություններ, եւ վերջապես մի ցավոտ երեւույթի հետազոտություն, որը հայերիս մոտ դժբախտաբար շատ է տարածված՝ հատվածականության հիմնախնդիր։ Այո՜ Հայաստանի առաջին Հանրապետության օրոք նույնպես այս վտանգավոր երեւույթը  գոյություն ուներ՝ արեւմտահայ-արեւելահայ  կամ՝ ինչպես այն ժամանակներում էին ասում՝ տաճկահայ-ռուսահայ  որոշ օտարացումի տեսքով։ Բայց Դաշնակցության էությունը հենց նրանում է, որ ինքը որպես քաղաքական ակնառու երեւույթ հատվածականության ամենափաստարկված հերքումն էր եւ է՜ մեր օրերում։ Դաշնակցությունն ամեն ինչ արեց եւ այսուհետեւ նույնպես անելու է մեր ժողովրդին այդ ախտից ազատելու համար։ Դաշնակցությունը հատվածականության թիվ մեկ հակառակորդն է եղել հայ իրականության մեջ եւ լինելու է այսուհետեւ, որովհետեւ իր անվանումն  ու գոյության փաստը դրա ամենավառ հերքումն են հանդիսանում։

Նման քաղաքական դիրքորոշման վերջին ու թերեւս ամենավառ ապացույցը  Ղարաբաղյան պատերազմի տարիներին թշնամու դեմ կռվի ելած հայ ժողովրդի գրեթե բոլոր հատվածների ներկայացուցիչներն էին, ովքեր ուս-ուսի տված կռվում էին մեր շարքերում։ Նրանց  պայքարի ու նահատակության գնով ձեռք բերված հաղթանակից հետո ցավալի է տեսնել կենցաղային մակարդակում մեզանում երբեմն նորից գլուխ բարձրացնող հատվածականություն երեւույթը,  այս անգամ՝ հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն ստեղծելու փորձերի տեսքով։

Ուրեմն՝ ներկա գիտաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի բովանդակությունը ոչ  միայն նեղ-ակադեմիական,  այլեւ գիտա-գործնական ուղղվածություն ունի եւ մենք,  որպես քաղաքական գործիչներ, ձեզանից ակնկալում ենք խորքային գնահատականներ եւ դրանց վրա հիմնվող՝ արժեքավոր առաջարկներ ու փորձագիտական եզրակացություններ։

ՀՅԴ Բյուրոյի եւ Դաշնակցության աշխարհասփյուռ ողջ  կազմակերպության անունից գնահատում ու կարեւորում եմ ներկա գիտաժողովի կազմակերպումը հայրենի գիտության գլխավոր տաճարում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ողջունում եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում նրա մասնակիցներին»: