Իշխանափոխություն կլինի, եթե ունենանք կարգին  ընդդիմություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին ժողովուրդն իր դիրքորոշումն է հայտնել:

«Չենք վստահում հանձնաժողովներին, դա նշանակում է, որ չենք վստահում մոտ 50.000 մարդու: Ժողովուրդը հստակ իր դիրքորոշումն արտահայտել է, եւ իշխանափոխություն կլինի, եթե ունենանք կարգին ընդդիմություն: Գյումրիում շատ լավ ընտրություններ են անցկացվել, բոլոր ընտրատեղամասերում վստահված աձինք են եղել, ակտիվ մասնակցություն է եղել՝ 41.400 մարդ մասնակցել է հանրաքվեին, միայն ասելով չի, պետք է թվեր, ապացույցներ ներկայացնել»,-ասաց պատգամավորը:

Գերագույն խորհրդի (1990-95թթ) նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ չեն անցկացվում եւ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի միջոցով իշխանությունները նորից իրենք իրենց վերընտրեցին:

«Ընտրությունների ընթացքում պետք է լինեն հավասար հնարավորություններ, շատ կարեւոր է, որ մեր երկրում հաշվիչ համակարգ ձեւավորվի, մեզ մոտ այն անվստահելի է: Հենց սկզբից պետք է իմանայինք, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ չեն անցկացվում,  ընտրությունների  միջոցով ժողովրդավարություն տեղի չի ունեում: Ձանձրացրած անձնավորությունները ընտրություններով պետք է հեռանան, սակայն դա էլ տեղի չի ունենում: Հայաստանում դեռ ոչ մի անգամ այդպիսի դեպք չի եղել, երկիրը, որտեղ իշխանությունները շատ բաներ են ձախողել, իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել, այդ պատճառով էլ կեղծված ընտրություններ են անցկացրել: Ընդամենը  իշխող վերնախավն ինքն իրեն նորից նշանակեց»,-ասաց Ազատ Արշակյանը: