Հայ յեղափոխական դաշնակցության անդամների շուրջ 30 տոկոսը կանայք են, որոնք փորձում են Հայաստանի քաղաքական մշակույթում կարծրատիպեր կոտրել՝ ապացուցելով, որ կինն ասելիք ունի այս ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով կնոջ դերին Դաշնակցության ողջ գործունեություն ընթացքում։

«Պատմության ողջ ընթացքում հայ դաշնակցական կին եղել է դաշնակցական տղամարդու կողքին։ Սա մեզ համար գաղափարային եւ սկզբունքային արժեք է, եւ մեր կուսակցության կանոնադրության եւ ծրագրի համաձայն՝ կին եւ տղամարդ հարաբերություններում կա հավասարություն։ Երբ 20-րդ դարի սկզբին դա համարվում էր իրավունքի խախտում, մենք ամրագրեցինք, որ կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

ՀՅԴ անդամի խոսքով՝ կանայք առավել ներգրավված են կուսակցությանն ուղեկից կառույցներում եւ զբաղվում են մարդասիրական, կրթական, մշակութային հարցերով։

«Խորհրդարանական խմբակցությունում, ցավոք, այս պահին կին պատգամավորներ չունենք, սակայն նախկինում միշտ ունեցել ենք։ Մեզ մոտ խմբի ղեկավարից մինչեւ Գերագույն մարմնի անդամ կանայք ունենք։  Փորձում ենք հայաստանյան քաղաքական մշակույթում կարծրատիպեր կոտրել՝ ապացուցելով, որ կինն ասելիք ունի եւ կարող է դերակատարություն ունենալ քաղաքական կյանքում»։

Նշենք, որ ՀՅԴ-ն այս տարի նշում է իր 125-րդ ամյակը։ Ամբողջ տարվա ընթացքում միջոցառումներ են տեղի ունեցել տարբեր երկրներում։