Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 8-ին, հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ 

ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման եւ ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող  օգնության, ինչպես նաեւ շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խախտումների եւ սադրանքների աճի հետ կապված հարցեր: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորել նրանց գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ հանդիպումից հետո ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ի նպաստ Արցախի քարոզարշավի մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը, որոնք Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ժամանել էին Վաշինգթոն՝ ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ ունենալու եւ Արցախին առնչվող հարցերը կոնգրեսականների հետ քննարկելու համար: Ընդունելության ընթացքում Կարեն Միրզոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով եւ պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

Նույն օրն արտաքին գործերի նախարարը հանդիպել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու եւ շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Հանդիպումներին ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: