Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նախածննդյան փուլում երեխային կորցրած ծննդկանն ու ամուսինը դեռ չեն հարցաքննվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրանց հարազատները։
Հարազատների խոսքով՝ առաջիկա օրերին Քոչարյան ամուսինները կհրավիրվեն հարցաքննության, որից հետո էլ նրանց մեկը կճանաչվի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդկան Լարիսա Շահբազյանի տագրը՝ Արթուր Քոչարյանը, պատմել էր, որ եթե Լարիսային հետազոտեին, պետք է անմիջապես կեսարյան հատում կատարեին, բայց հերթապահ բժիշկը միայն արհեստական ցավեր է տվել
«Սա հիվանդանոց չէ, չգիտեմ էլ՝ ինչի է... հարսիս գոնե ծնարան տանեին, իմանային՝ ինչ է կատարվում: Միայն ցավեր են տվել, հետո էլ հարսս զգացել է, որ երեխան այլեւս չի շարժվում: Երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե սրտի կանգ է գրանցվել, իսկ Անի Սեյրանովնան չգիտենք ինչով էր զբաղված այդ պահին»,- ասել էր ծննդկանի տագրը:
ԲԿ-ից էլ մեզ փոխանցել էին, որ հղին երկու անգամ հետազոտվել էր:
«Ապա բժիշկները կեսարյան են արել մեկ այլ հիվանդի: Երբ դուրս են եկել վիրահատարանից, հետազոտել են, պարզվել է, որ սրտի բաբախ չկա: Այնուհետեւ արդեն տեսել ենք, որ պորտալարը փաթաթված է եղել»,- ասել էր բուժգծով տեղակալը՝ նշելով, որ կնոջ տագրը նույնպես ներկա է եղել ծննդալուծմանը:
Դեպքի առթիվ հարուցվել քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։



























