Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են: Այս մասին հայտարարել է Հանրային ռադիոյի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին:
Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ,
Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որեւէ մեկն իրականության հետ որեւէ աղերս չունի: Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ շարադրել էի աշխատանքից ազատվելու դիմումիս դրդապատճառը, մեջբերում եմ. «Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել եւ մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»:
Խնդրում եմ դադարեցնել տարատեսակ մեկնաբանությունները: Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որեւէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որեւէ խնդիր չունեմ, Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում իմ երեք տասնամյակից ավել կուտակած փորձը, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները ես ցանկանում եմ օգտագործել մեր ոլորտի ավելի լայն շրջանակի համար: Ուստի աշխատանքից ազատվելու եւ խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունն ու որոշումը բացառապես իմն է:
Եվ քանի որ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքն արգելում է հանրային լրատվամիջոցի տնօրենին մասնակցել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոի մրցույթին, հետեւաբար, ես իմ կամքով ներկայացրեցի աշխատանքից ազատման դիմում:
Կրկին խնդրում եմ չշահարկել այս հարցը, չթիրախավորել եւ անհիմն չմեկնաբանել: Այլապես, նոր աշխատանքի հետ կապված իմ բարի եւ դրական ցանկությունը արժեզրկվում է:
Հուսով եմ, որ սա կլինի թեմայի շուրջ վերջին գրառումը ոչ միայն իմ, այլ նաեւ զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերների կողմից:
Հարգանքներով`
Արմեն Ամիրյան




























