Հայաստանում Նոր Տարվա տոնն իր առանձնահատկությունն ունի: Նախ` դա ամենասիրելի ընդհանուր տոնն է: Երկրորդ` խնջույքներից հետո բոլորը հանդիսավորապես երդվում են, որ այս տարի անցյալ տարվա ծախսերի նման ծախս չեն անելու: Բայց նախատոնական օրերին բոլորն առանց բացառության վազում են գնումների: Եթե իհարկե դրա համար փող ունեն:
Նախատոնական օրերին ու շաբաթներին զգալիորեն աճում է ապրանքների վաճառքը: Օրինակ` անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մանրածախ ապրանքաշրջանառությունն ավելացել էր 1,7 անգամ: Հաշվի առնենք նաեւ, որ որոշ ընտանիքներ նախօրոք, մինչեւ դեկտեմբերը, առանձին սննդամթերք են պահեստավորում` հատուկ Նոր տարվա տոնի համար: Դրդապատճառները լիովին հասկանալի են. Դեկտեմբերի վերջին օրերին գները կտրուկ աճում են: Ավելի շուտ` ոչ թե իրենք են աճում, այլ դրանք բարձրացնում են առեւտրականները:
Դեկտեմբերին ծախսերի աճը, բնականաբար, կախված է ընտանեկան ծախսերի դինամիկայից: Տարվա վերջին ամսին աշխատավարձին հավելավճարներ են ավելանում: Մեր աշխատանքային միգրանտները տարեւերջին հայրենիք են վերադառնում, բնականաբար, փողով (ցավոք, այս տարի դրամական փոխանցումները զգալիորեն պակաս են անցյալ տարվանից): Պատահում է, որ մարդիկ պարտք են վերցնում կամ բանկում սպառողական վարկ են ձեւակերպում:
Դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ ապրանքաշրջանառության աճը ընթացիկ գնով ավելի քան 91 մլրդ դրամ է կազմել: Այսինքն բնակչության շնչին միջինը 30 հազար դրամի լրացուցիչ ծախս է ընկել: Այլ կերպ ասած` Հայաստանի միջին ընտանիքը 120 հազար դրամի լրացուցիչ ծախս է արել:
Իհարկե, ոչ բոլորն են ծախսում սննդամթերքի վրա: Օրինակ` սպառողական ապրանքների շուկաներում (որ «տոնավաճառ» են կոչում) այդ նույն դեկտեմբերին շրջանառությունը մեծացել է գրեթե 3,4 անգամ: Մարդիկ ձգտում են գնել այն, ինչ չեն հասցրել նախորդ ամիսների ընթացքում: Օրինակ` դեռեւս խորհրդային ժամանակներում նկատվել էր, որ Նոր Տարվա շեմին հեռուստացույցների գնումները մի քանի անգամ ավելանում են:
Միջին մեծությունը խորամանկ բան է: Եվ իրոք, միայնակ թոշակառուն ինչպե՞ս կարող է լրացուցիչ 30 հազար դրամ ճարել, եթե նրա միջին թոշակը կազմում է մոտ 36 հազար դրամ: Պարզ է, որ ինչ-որ մեկը տոնական սեղանի համար անհամեմատ ավելի շատ է ծախսում, իսկ մեկ ուրիշը` զրոյին հավասար:



























