Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործով դատաքննությունը դեկտեմբերի 21-ից սկսվում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Նապոլեոն Օհանյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս:
Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ եւ Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Յուրի Մանուչարյանն ու Դերենիկ Հակոբյանը կալանավորված են, Շահում Դավթյանը գրավով ազատ է արձակվել, իսկ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված էր նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:



























