Ընտրախախտումներն արձանագրված են, եւ խնդիրն այն է, որ հասարակության համար թափանցիկ գործընթացը արվի եւ ուղերձ լինի բոլոր խախտողներին, որ սա չի ճանապարհը, ուղերձ լինի հանրությանը վստահության առումով, որ տեսանելի լինի ամեն ինչ եւ գործընթացը թափանցիկ շարունակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդների, ԱՄՆ դեսպանության ընտրախախտումների վերաբերյալ հայտարարություններին, Բեքարյանն ասաց. «Ինձ համար միջազգային կառույցների հայտարարություններն այստեղ այդքան էլ էական չեն: Խնդիրը նորմալ եւ իրավապահ մարմինների գործընթացի համար պատասխանատու մարմինների հետեւողական լինելն է, գործընթացը տարվի պարզ ու թափանցիկ: Բոլորս էլ կուզենայինք, որ խախտումներ չլինեին, բայց հիմա կան խախտումներ ու խախտողներ: Խախտումները օդից չեն գալիս եւ փառք Աստծո, մեր լրատվական դաշտը հանրաքվեին շատ լավ է աշխատել ու տվել է շատ լավ հիմք շատ դեպքերում օրինակներով, հստակ վիդեոներով, փաստարկներով, շատ ավելի լավ քան շատ դիտորդական առաքելություններ՝ ներքին ու արտաքին, կամ հանձնաժողովի անդամներ եւ այլն»:
Ըստ Բեքարյանի՝ խախտումներն արմատախիլ անելը բոլորի անելիքն է եւ քաղաքական ուժերի եւ քաղաքացիների: «Մենք ինչ-որ բան չենք տեսնում, չգիտենք, պիտի անպայման դիտորդական կազմակերպությունների զեկույցները տեսնենք, նո՞ր պատկերացնենք: Մեր խնդիրն ի՞նչն է, խախտումները արմատախիլ անելը, թե՞ որ մեղմացնենք միջազգային կառույցների դիրքորոշումը: Բնականաբար, որ արմատախիլ արվեն այդ խախտումները»,-նշեց պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն` 63,35 տոկոսը (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող): Ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է։
Նոր Սահմանադրությամբ անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգի:




























