Հայաստանի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության կասկածանքով ձերբակալված պահեստազորի  մայոր 38-ամյա Գարիկ Մարությանն արդեն մի քանի ամիս էր՝ ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Հայթաղ համայնքնում։

Մեր տեղեկություններով՝ Մարությանն ապրիլին է տեղափոխվել Հայթաղ։ Գյուղում Մարությանի ձերբակալության մասին իմացել են լրատվամիջոցներից։

Նշենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Մարությանը ձերբակալվել է դեռ  դեկտեմբերի 4-ին։

«Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով Մարությանը կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ Գ. Մարությանին առաջադրվել  մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։