Մենք ՌԴ-ի հետ որեւէ խնդիր չունենք Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորումներին հարվածելու տեսանկյունից, քանի որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Թուրքական CIHAN գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանի խոսնակը տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ ելույթի ժամանակ, խոսելով Իրաքի Մոսուլում Թուրքիայի զինված ուժերի ներկայության մասին, պնդել է, թե դա Իրաքի սահմանային ինքնիշխանության խախտում չէ, այլ ԻՊ-ի դեմ պայքարի մի մասն է։ «Թուրքիան կարեւորում է հարեւան երկրների սուվերենության իրավունքն ու խստորեն պահպանում է դրանք»,-ասել է Քալընը։
Անդրադառնալով Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին, Էրդողան խոսնակը պնդել է, թե ռուսական կողմը Սիրիայի «չափավոր» ընդդիմությանն է հարվածում, իսկ ԻՊ-ին հարվածելու հարցում Թուրքիան ՌԴ-ի հետ որեւէ խնդիր չունի։
Խոսելով վերջին օրերին Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական ռազմանավերի վրա զենքով կանգնած զինվորների փաստի մասին, Իբրահիմ Քալընը դրանք «երեխայական պահվածք» է որակել։
Իսրայելից գազ գնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան, Քալընը նշել է, թե «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Իսրայելը դեռ պետք է որոշ քայլեր կատարի։



























