2015թ. ամենատպավորիչ 100 լուսանկարների՝ Reuters-ի կազմած շարքում Բաղրամյան փողոցի հայտնի լուսանկարի ներառվելը լուսանկարի հերոսին՝ «Էլեկտրիկ Երևան»-ի ակտիվիստ Կարո Ղուկասյանին ոգեւորել է շարունակելու քաղաքացիական պայքարը:
«Միանշանակ հպարտանում եմ, ու շատ ուրախ եմ, այդ լուսանկարն ամբողջ հայ ազգի պայքարն է ներկայացնում: Ինձ ավելի է ոգեւորում, որ շարունակեմ քաղաքացիական պայքարը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարո Ղուկասյանը:
21-ամյա երիտասարդը պատմեց, որ առավոտյան ընկերներն են ուղարկել տեսանյութը ու այդպես է իմացել, որ իր լուսանկարը ամենատպավորիչների շարքում է: Կարոն խոստովանում է, որ թեեւ լուսանկարը նախկինում հայտնվել էր միջազգային մամուլի էջերին, սակայն չէր սպասում, որ այն կարող է հայտնվել լավագույնների շարքում:
«Անկեղծ ասած շատ էի զարմացել, չէի սպասում: Արձագանքներն էլ բավական մեծ են, բոլորն ուղարկում են լինքը, շնորհավորում են, ասում են՝ լավագույն նկարը քոնն է: Բայց դրանից իմ մոտ ոչ մի բան չի փոխվել»,- նշեց ակտիվիստը:
Նշենք, որ Կարո Ղուկասյանն այն երիտասարդների մեջ էր, որոնք պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ու 2015թ. ամռանը Բաղրամյան պողոտայում նստացույց էին հայտարարել: Հունիսի 23-ի առավոտյան 5:30-ի սահմանում ոստիկանությունը ջրցան մեքենաներ էր կիրառել ճանապարհային երթեւեկությունն արգելափակած, սակայն ագրեսիա չցուցաբերող մարդկանց դեմ: Բերման էր ենթարկվել 237 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ:
Լուսանկարը՝ Վահրամ Բաղդասարյանի/Photolure




























