Ընտրախախտումների վերաբերյալ բարձրաձայնված բոլոր ահազանգերը պարզում են պատկան մարմինները: Կան հարուցված քրեական գործեր, կատարվում է վերահաշվարկ, որի արդյունքները հստակ պարզ կլինեն եւ կհրապարակվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:
«Այս պահի դրությամբ 2 գործ Քննչական կոմիտեում է, 6 գործ՝ գլխավոր դատախազությունում: Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկությունում նյութեր են նախապատրաստվում, որոնց արդյունքում պարզ կլինի՝ քրեական գործեր հարուցվելու են, թե՞ ոչ: Դրանց ծավալը մեծ է, անմիջապես 2 օրվա ընթացքում դժվար է պարզել 200-300 նյութերում կան քրեական հատկանիշներ, թե ոչ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդարադատության նախարարությունը ընտրախախտումների ո՞ր մասով է պատասխանատու, նախարարն ասաց. «Այս պահին հարուցված գործերի կամ ԿԸՀ-ում վերահաշվարկի շրջանակներում որեւէ իրավասություն չունի նախարարությունը: Հանրաքվեի հետ կապված վստահություն ստեղծելու հաջորդ քայլը ահազանգերին հետամուտ լինելն է եւ դրա հետ կապված քրեական գործերին: Երբ որ կտեսնեք, որ ձեր ահազանգերից հետո ոչ մի բան չի արվել, գնահատականները դուք կհնչեցնեք: Նրանք, որոնք արջի ծառայություն են մատուցել, իրենց լիազորությունները գերազանցել են, խախտումներ են արել, կպատժվեն»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ընտրախախտումների վերաբերյալ տեսանյութերը մոնտաժված են, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ «չի մեկնաբանում վարչապետի ասածները»:
«Եթե նրան նման ինֆորմացիա տրամադրվել է, նշանակում է, որ դրանում կան օբյեկտիվ հիմքեր: Ես նրան նման տեղեկություն չեմ տրամադրել, որովհետեւ դա իմ իրավասության շրջանակում չէ: Եթե պատկան մարմինները տրամադրել են, ուրեմն նա տիրապետում է այդ ինֆորմացիային»,- ասել է նախարարը:
Դիտարմանը, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այդ հայտարարությամբ չի ուղղորդում իրավապահ մարմիններին, Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա տեղեկատվություն է, որին նա տիրապետում է, իսկ քննությանն ուղղորդել, որեւէ պետական մարմին իրավասու չէ: Հենց հիմա քննություն իրականացվում է եւ դուք կտեսնեք պատժված մարդկանց»։



























