Բոլոր խախտումները, կայքերում տեղ գտած ահազանգերը, ընտրախախտումների մասին տեղեկությունները ուսումնասիրվում են եւ դուք  բոլորդ վերջում կտեսնեք, որ դրանք սին են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հանրաքվեի ժամանակ  հայտնաբերված ընտրակեղծիքների ահազանգերի ընթացքին անդրադառնալով՝  ասաց ՀՀԿ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Մեր հարցին, թե եթե դեռ քննություն է ընթանում, որտեղի՞ց գիտի, որ սին են լինելու,  Վահրամ Բաղդասարյանը  փորձեց շտկել. «Մի մասը, մի մասը։ Բոլորը մեկ առ մեկ կպատժվեն։ Որոնք որ արջի ծառայություն են մատուցել, պրովոկացիաներ են եղել, բոլորը կպատժվեն։ Ձեր նյարդերը պինդ պահեք եւ կտեսնեք, որ բոլորը կպատժվեն»»։

Հիշեցնենք, որ հանրաքվեից երեք շաբաթ առաջ Վահրամ Բաղդասարյանը  NEWS.am-ի հետ զրույցում ընտրախախտումների հետեւանքներին անդրադառնալով՝ մտահոգությունն էր հնչեցրել, թե «միջազգային ասպարեզում մեր երկրի նկատմամբ վստահության պակաս կլինի, եթե ուզում ենք պետություն դառնանք, պետք է մտածենք եւ միջազգային  կարծիքի եւ մեր ներքաղաքական իրավիճակի մասին: Մենք պետք է ձգտենք հանրաքվեն լավագույն ձեւով կազմակերպել, քանի որ գործ ունենք մայր օրենքի հետ, իսկ մայր օրենքը վտանգել չի կարելի»։

Մեր հարցին, թե Հայաստանի միջազգային վարկանիշի առումով մտահոգիչ է համարում արդեն տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական խմբի, ԱՄՆ դեսպանության հայտարարությունները, որտեղ մտահոգիչ են համարել արձանագրված  ընտրախախտումները, Բաղդասարյանը պատասխանեց․

«Դուք նախօրոք ուշադրություն դարձրեք, թե ԵԽԽՎ-ի նախորդ կատարած քայլերն ինչ էին եւ ովքեր էին։ Իսկ ԱՄՆ դեսպանության մասով պարզաբանումները կլինեն եւ մտահոգությունները կփարատվեն»,- նշեց  Բաղդասարյանը։