Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավական գործառույթներ է իրականացնում եւ քաղաքական ուժերի հետ քաղաքական քննարկումների մասնակցող, կամ քաղաքական քննարկումներ իրականացնող մարմին չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ իր հետ հանդիպելու պահանջին:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես պետական մարմին, ունի իր հստակ գործառույթները, որոնք ամրագրված են օրենքով: Մեր ներկայացուցիչը հանդիպելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հետ՝ պարզաբանեց, որ դեկտեմբերի 6-ի երեկոյան ԿԸՀ-ն ուներ բազմաթիվ գործառույթներ, որոնք պետք է կատարեր: Նրանց առաջարկվեց, որ եթե որեւէ դիմում կամ բողոք ունեն, որը ցանկանում են ներկայացնել, որեւէ խոչընդոտ առկա չէ, կարող են ներկայացնել, եւ սահմանված կարգով հանձնաժողովի կողմից կքննարկվի: Մինչդեռ պահանջը, որը ներկայացվում էր, հետեւյալն էր՝ «ցանկանում ենք հանդիպել ինչ-որ հարցեր քննարկելու նպատակով»: ԿԸՀ-ն իրավական գործառույթներ է իրականացնում եւ քաղաքական ուժերի հետ քաղաքական քննարկումների մասնակցող, կամ քաղաքական քննարկումներ իրականացնող մարմին չէ: Ոչ առաջին, ոչ երկրորդ օրը մեզ գրավոր դիմում չի ներկայացվել»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015թ. դեկտեմբերի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց պահանջում էր հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ՝ պահանջելով արձագանքել հանրաքվեի ընթացքում ԶԼՄ-երի եւ անհատների կողմից արձանագրված ընտրակեղծիքներին:




























