Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանի կենտրոնում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ ԿԺԴՀ-ն վերածվել է հզոր միջուկային պետության, որն ունակ է պայթեցնել ինչպես ատոմային, այնպես էլ ջրածնային ռումբ՝ պաշտպանելու համար իր ինքնիշխանությունը, հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը:

Փորձագետների խոսքով, սա առաջին դեպքն է, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնում է ջրածնային ռումբի ստեղծման աշխատանքների մասին:
Միաժամանակ, ճապոնական Kyodo գործակալությունը, ներկայացնելով Կիմ Չեն Ընի խոսքը, պնդում է, որ նա խոսել է միայն տեխնոլոգիաների առկայության մասին, որն անհրաժեշտ է ջրածնային ռումբ ստեղծելու համար:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերրին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտնել էր, որ 1994-ին Վաշինգթոնը Յոնգբունի հետազոտական կենտրոնին օդային հարված հասցնելու պլան է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրաժարվել են ընդունել ԱԷՄԳ-ի փորձագետներին: