Եվրամիության մշտական ներկայացուցիչները անժամկետ հետաձգել են  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու հարցը: Պաշտոնական Բրյուսելին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ այդ թեման «հանված է օրակարգից»:

«Հինգշաբթի մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այլ հարցեր են քննարկվելու»,-ասել է AFP-ի զրուցակիցը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, Իտալիան արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների մեխանիկորեն երկարաձգումը: Պատժամիջոցային ռեժիմի մեխանիկական երկարաձգման մասին որոշումը պետք է ընդունվեր Եվրամիության անդամ երկրների լիազոր ներկայացուցիչների դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ, սակայն Իտալիան չի համաձայնել այդ որոշմանը:

Հիմա հարցը պետք է դիտարկվի դեկտեմբերի 14-ին նախանշված ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցության կամ ԵՄ գագաթաժողովի ընթացքում, որը կայանալու է դեկտեմբերի 17-18-ին: