20 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով առաջիկա դատական նիստին կհարցաքննվեն 4 նոր վկաներ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ ինքն է միջնորդել հարցաքննել այդ վկաներին։
«Նախաքննության փուլում այդ չորս վկաները հարցաքննվել էին, սակայն նախաքննական մարմինն այդ ցուցմունքները չէր ներառել գործի նյութերի մեջ։ Մենք էլ միջնորդեցինք, որ հարցաքննվեն նրանք, քանի որ կարծում ենք՝ դատաքննության ընթացքում փոփոխություն կմտցնեն այդ ցուցմունքները»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։
Դատական նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Խաչատուր Խաչատրյանը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել եւ 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ Լոլռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նա կալանավորված է:



























