Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը։
«Զինծառայողը շարունակում է բուժում ստանալ Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնում, քանի որ նեղ մասնագիտական բուժում ստանալու կարիք ունի։ Այս պահին վիճակի վատթարացում չկա, սա արդեն դրական է»,- ասաց Արտաշես Խաչատրյանը։
Նշենք, որ Վարազդատ ստացել էր հրազենային բեկորային, ստորին եւ վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ:
Մեզ հետ զրույցում Վարազդատի հայրը՝ Իշխան Խաչատրյանը, հայտնեց, որ որդու հետ արդեն խոսել են։
«Գիտակցություն ունի, մի քանի բառ խոսել ենք․․․ դեռ երկարատեւ բուժման կարիք ունի, քանի որ վնասվածքներն ու կոտրվածքները բավականին շատ են»,- ասաց Իշխան Խաչատրյանը։
Զինծառայողի հոր խոսքով՝ որդուն մի քանի շաբաթ էր մնացել՝ ծառայությունն ավարտելու համար։ Նշենք, որ զինծառայողն Արարատի մարզի Ղուկասավան համայնքից է։
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու եւ ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:




























