Կիեւից վերադառնալուց հետո ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Facebook–ում Սպիտակ տան էջում տեղադրել է մի տեսագրություն, որտեղ պատմել է իր ուղեւորության մասին:
«Իսկապես հրաշալի ուղեւորություն էր: Ես պատիվ ունեի ելույթ ունենալ Գերագույն ռադայի պատգամավորների առաջ: Երկիրը իսկական ժողովրդավարություն հաստատելու երկրորդ հնարավորությունն է ձեռք բերել»,- հայտնել է Բայդենը: Ընդ որում, ԱՄՆ փոխնախագահի խոսքով, Ուկրաինայի առաջ երկու սպառնալիքներ կան «ռուսական ագրեսիան ու երկրում խորը արմատացած կոռուպցիան»:
Տեսագրության տակ Բայդենի մեկնաբանությունից հայտնի է դառնում, որ Բայդենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի ու Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի հետ: «Ես եկել եմ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ այս մարդկանց: Հավատում եմ, որ աշխատելով միասին, նրանք կկարողանան ստեղծել հիրավի ազատ, միասնական ու ժողովրդավարական Ուկրաինա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բայդենը Կիեւում էր դեկտեմբերի 7-8-ը ժամանակահատվածում: Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահը հայտնել էր, որ Ուկրաինան առաջվա պես մնում է Վաշինգթոնի սեւեռուն ուշադրության կենտրոնում: Նա նաեւ խոստովանել էր, որ Ուկրաինայի առաջնորդի հետ ավելի հաճախ է շփվում, քան իր սեփական կնոջ հետ: Բայդենի խոսքով, ինքը «ավելի քան հազար ժամ» հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ: Ելույթ ունենալով Ռադայում, նա հայտնել է, որ ԱՄՆ –ն այսուհետ նույնպես կաջակցի Ուկրաինային՝ «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարում:




























