Եթե տնտեսվարող սուբյեկտը սահմանված ժամկետներում չի վճարում պարտադիր կուտակային վճարը, կարող է հարկային մարմնի հետ կնքել գրավի պայմանագիր դրանից բխող բոլոր ընթացակարգերով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով մի օրինագիծ, որով հարկային մարմինը իրավունք է ստանում գանձել պարտադիր կուտակային վճարները տնտեսվարող սուբյեկտից:
«Ներկայումս պարտադիր վճարների մեխանիզմը գործում է, բայց հարկային մարմինը, ըստ էության ապահովված չէ գործուն մեխանիզմով, որ այդ գանձումը տեղի ունենա: Այս նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում, որ հարկային մարմինն այդ գործառույթն ունենա»,-նշել է Մելքումյանն ու հավելել, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում 622 մլն դրամի պարտավորություն է կուտակվել այդ մասով եւ բնականաբար, եթե թողնվի այս իրավիճակը, ապառքները կավելանան:
«Թվում է՝ սա շատ կոշտ գործիք է, բայց այլ ելք չկա»,-ընդգծել է պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն իր հերթին նշել է, որ փաստորեն ստացվում է, որ աշխատողներից այդ գումարը գործատուն պահում է, սակայն չի փոխանցում նրանց կուտակային հաշվեհամարներին:
Ի պատասխան, Միքայել Մելքումյանը նշեց, որ դա կարող է պայմանավորված լինել ֆինանսական վատ վիճակով, թե ինչ պատճառով տնտեսվարողը չի փոխանցում վճարները:



























