Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մեկնարկել է ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի 48-րդ նիստը:
Նիստը վարել են Միջպետական խորհրդի համանախագահներ՝ Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ Վիկտոր Նազարենկոն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք մասնավորապես առնչվում են տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, համապատասխանության գնահատման եւ շուկայի վերահսկողության ոլորտներին: Քննարկման նպատակն է նշված ոլորտներում ձեւավորել տարածաշրջանային միասնական քաղաքականություն։
Նիստի ավարտին կստորագրվի միջպետական արձանագրություն։
Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա գործարար համաժողով՝ «Ստանդարտացումը եւ նորարարությունները» թեմայով, որի ընթացքում Ստանդարտների ազգային ինստիտուտի եւ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կշնորհվեն մրցանակներ՝ միջպետական ստանդարտացման ոլորտում առավել ակտիվ եւ արդյունավետ մասնակցություն դրսեւորած հայկական կազմակերպություններին։
Դեկտեմբերի 11-ին ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդիպում կունենան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջպետական ստանդարտացման հեռանկարները եւ Միջպետական խորհրդում Հայաստանի Հանրապետության մասնակցությանն առնչվող հարցեր։
Նշենք, որ Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման Միջպետական խորհուրդը (ՍՉՍ ՄՊԽ) հիմնադրվել է 1992 թվականի մարտի 13-ին ՍՉՍ ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին Միջկառավարական համաձայնագրի ստորագրումով, որը ստորագրված է ԱՊՀ 12 մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից։ ՍՉՍ ՄՊԽ բարձրագույն մարմինն է` ՄՊԽ անդամների նիստը, որն անց է կացվում տարին երկու անգամ։
Խորհուրդը համագործակցում է Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (ՄԱԿ ԵվՏՀ), Ստանդարտացման Միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), ինչպես նաեւ Եվրասիական Տնտեսական Միության Հանձնաժողովի (ԵՏՄ) հետ։
Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման Միջպետական խորհուրդը ԻՍՕ-ի կողմից ճանաչվել է որպես Ստանդարտացման Եվրասսիական տարածքային կազմակերպություն (ՍԵԱՏԿ/EASC)։
2015 թվականի հունիսին Մինսկում տեղի ունեցած ՍՉՍ ՄՊԽ 47-րդ նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանն ընտրվել է Միջպետական խորհրդի համանախագահ։ Հայկական պատվիրակության հրավերով որոշվել է 48-րդ նիստն անցկացնել Երեւանում։



























