Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արդեն երրորդ անգամ հետաձգվեց:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՔԿՀ-ից ամբաստանյալներին դատարան  տեղափոխելու հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել, այդ պատճառով նրանք դատարան չեն բերվել: Դատարանը այդ մասին նախապես զգուշացրել էր նաեւ տուժող կողմին, նրանք նույնպես դատարան չէին եկել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 17-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

4 կուսանտների դատաքննության հետ քննվում է  նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա  2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: