Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահ է, որ 2014-ի փետրվարին Մայդանում ցուցարարների գնդակահարության հետեւում կանգնած են երկրի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները:

«Ես խորապես համոզված եմ, որ գնդակահարությունների հետեւում կանգնած են Ուկրաինայի ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ջանացել են խնամքով մաքրել հետքերը», - ասել է նախկին նախագահը: Նա հայտնել է, թե «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկներն անմասն են քաղաքացիների մահվանը:  

Որպես Մայդանում դեպքերի անմիջական մասնակիցներ, Յանուկովիչը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հիշատակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին, Գերագույն Ռադայի առաջին փոխխոսնակ Անդրեյ Պարուբիային եւ ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Սերգեյ Պաշինսկուն: 

«Նրանք բոլորը կապված են Մայդանի արյան հետ, ինչի շնորհիվ իշխանության են եկել: Դրա համար շահագրգռված չեն այդ ողբերգական դեպքերի օբյեկտիվ հետաքննությամբ»,-ասել է Յանուկովիչը: Նա հավելել է, որ անցած երկու տարվա ընթացքում վերոհիշյալ անձինք   «ոչ մի անգամ չեն կանչվել հարցաքննության»:

Կիեւի գլխավոր հրապարակը` Անկախության մայդանը, եվրոինտեգրման կողմնակիցների կողմից գրավվել էր 2013-ի նոյեմբերի  21-ին, երբ Նիկոլայ Ազարովի կառավարությունը հայտարարել էր ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը դադարեցնելու մասին:  Բողոքի ճնշման գործում ներգրավվել էր   «Բերկուտի» ստորաբաժանումը:  2013-ի նոյեմբերի 30-ից մինչեւ  2014-ի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում   Կիեւում եւ շրջաններում բախումների հետեւանքով  106 մարդ էր զոհվել: Ուկրաինայի ներկայիս իշխանությունները այդ զոհերի համար պատասխանատու են համարում Յանուկովիչին եւ նրա հատուկ ծառայություններին: