Սահմանադրությունում գրված է, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով դեպքերի ու այդ դեպքում՝ ի՞նչ է նշանակում ասել, որ եթե մարդը վճարում չի կատարում, արգելանք է դրվում նրա գույքի վրա, առանց դատարանի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում, հարկային մարմինների կողմից կուտակային պարտադիր վճարների գանձումն ապահովելուն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Նոր Սահմանադրությունում 80 «լյապ» կա: այդպես չի կարող լինել: Հարգեք էս չանցած Սահմանադրությունը»,-ասել է նա:
Մյուս բացթողումն, ըստ Բագրատյանի, վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին. «Շատ մի գոհ էինք ձեր կուտակայինից, հիմա էլ մի հատ օրենք ենք հանում, որ եթե չմուծենք, կգան տունուտեղը ձեռքներիցս կառնեն: 45 տարով փող եք վերցնում բյուջեից էդ կուտակայինի համար, սենց որ գնաց, 45 տարի հետո Հայաստանը էլ չի լինելու: Կամ մարդը մասնավոր հիմնադրամին փոխանցում է կատարել, ինչի՞ է հարկային մարմինը յալվար ընկնում ու հայտարարում, թե ես կգնամ կբերեմ, դեռ գույքն էլ կալանքի կվերցնեմ: Սրանով թանկացնելու եք ինքնարժեքը, ո՞վ է փոխհատուցելու այդ ծախսերը:
Տպավորություն է, որ այդ ֆոնդերը մասնավոր են, բայց պետության ղեկավարությունը փայ ունի այդ ֆոնդերի մեջ եւ պետական ապարատն աշխատեցնում է այդ ֆոնդերն աշխատեցնելու վրա»,-հայտարարել է պատգամավորը:
Նրա խոսքով, գործատուն պետք է պահի այդ փողը, ինչպես պահում է եկամտահարկը. «Ի՞նչ գործ ունեք մարդկանց հետ, ինչո՞ւ ենք մարդու գույքը կալանքի վերցնում»:



























