«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն -ը ձեռք բերեց ProCredit Bank-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ գործարքը կավարտվի մոտակա 10 օրերի ընթացքում: Գործարքի համար բանկին միջոցներ են տրամադրել Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (IFC) և Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD): IFC-ն տրամադրել է վարկ 20 մլն դոլարի չափով, իսկ EBRD-ն՝ ձեռք բերել «Ինեկոբանկի» բաժնետոմսերի 22,7 տոկոսը 9,8 մլրդ դրամով (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 20,2 մլն դոլար - խմբ):

ProCredit-ի հաճախորդների բոլոր բանլկային պայմանագրերն ուժի մեջ կմնան, ընդգծեց Գանջալյանը:

«Շուրջ մեկ տասնամյակ մեզ հաջողվել է ավելացնել մեր կշիռը շուկայում, իսկ այս պահին մենք եկամտաբերությամբ առաջատարն ենք շուկայում: Սա հնարավոր է դարձել  հիմնականում այն պատճառով որ մենք կենտրոնացել էինք ՓՄՁ-ների հետ աշխատանքի վրա: Այս տարվա 1-ին եռամսյակում մենք նախաձեռնել էինք բանակցություններ ProCredit Holding խմբի հետ և երկու ամիս հետո եկել նախնական համաձայնության՝ բաժնետոմսերը ձեռք բերելու մասին», - նշեց Գանջալյանը:

Հաշվի առնելով, որ ProCredit Bank-ը փոքր ու միջին բիզնես վարկավորման ոլորտում ունի շուկայի 9,5 տոկոս տեսակարար կշիռ,  միացյալ բանկը կդառնա Հայաստանի առաջատարը ՓՄՁ-ների ոլորտում, իսկ ընդհանուր ակտիվներով կդառնա 6-րդը: Բանկը կսպասարկի շուրջ 10 հազար ձեռնարկությունների և 200 հազարից ավելի անհատների:

ProCredit Bank-ի ներքին մշակույթը և արժեքները ամբողջովին համահունչ են «Ինեկոբանկի» մոտեցումներին, իսկ թիրախային հաճախորդները գործնականում նույնն են, նշեց «Ինեկոբանկի» ղեկավարը:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն  հիմնվել է 1996 թ: 2015 թ 3-րդ եռամսյակի տվյալներով հանդիսանում է Հայաստանի առաջատարը ակտիվների և կապիտալի շահութաբերությամբ (ROA, ROE): Բանկի ընդհանուր ակտիվները կազմում են 158 միլիարդ դրամ, իսկ համախառն վարկային պորտֆելը 3-րդ եռամսյակում հասել է 103 միլիարդի:

ProCredit Bank-ը հանդիսանում է գերմանական ProCredit Holding AG-ի դուստր ընկերությունը Հայաստանում և գործում է 2008 թվականից: 2015թ. 3-րդ եռամսյակի տվյալներով բանկի ակտիվները կազմել են շուրջ 57 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը՝ շուրջ 47 մլրդ: