Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկեղ ուժերից ձեւավորված «Ոչ»–ի ճակատը հայտարարում է «ազնվության բանակ» ձեւավորելու մեկնարկի մասին։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 10–ին, Ազատության հրապարակում հայտարարեց «Ոչ»–ի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ բանակը ձեւավորվելու է բոլոր այն քաղաքական ու քաղաքացիական ուժերից, որոնք դեկտեմբերի 6–ի հանրաքվեին եղել են ժողովրդի կողքին։

«Դիմում են բոլոր պայքարած ուժերին, մյուսներին չեմ դիմում, ովքեր ասացին` կեղծ օրակարգ է, չենք հավատում հաղթանակին, նրանք փախան, նրանք դասալիք են, նրանց հետ չարժե գործ բռնել։ Մեր նպատակն է  Հայաստանում ստեղծել ազնվության բանակ, որի առաջին ջոկատները ձեւավորվեցին այս հանրաքվեի ժամանակ»,– ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` քաղաքացիական ու քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ իրականացվելու է լուրջ ծրագիր. «Հասնելու ենք նրան, որ հետագա ընտրություններում ազնվության բանակն ամեն ընտրատեղամասում ունենա վիդեոկամերա, որն օնլայն կհեռարձակում կապահովի հատուկ կայքի վրա, եւ բոլորը կարող են հետեւել` ինչ է կատարվում տեղամասերում»։