Սոցիալական վճարը (պարտադիր կուտակային վճար) գործատուի սեփականությունը չէ, այն վարձու աշխատողի փողն է, իսկ գործատուն ընդամենը միջանկյալ օղակ է, որպեսզի աշխատողի գումարը հասցնի նրա հաշիվներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է հարկային մարմնին հնարավորություն տալ գործատուներից գանձել այդ վճարները:

Միրումյանի խոսքով, սա քաղաքացիների գույքի արգելանքի հետ ընդհանրապես կապ չունի, այն վերաբերում է նրանց գործատուների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու համար որոշակի գործիքակազմի կիրառմանը:

«Օրինագծում գրված է, որ այդ գումարները գանձվում են սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման պարտավորություն կրող անձանցից, իսկ դրանք գործատուներն են»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ փաստորեն առանց դատարանի որոշման կարող են արգելանք դնել մարդկանց հաշիվների վրա, Միրումյանը նկատեց. «Նույն Սահմանադրությամբ նշվում է, որ յուրաքանչյուր ոչ պարտավոր է օրենքով սահմանված չափով եւ կարգով կատարելհարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարներ:

Այստեղ մենք խոսում ենք ոչ թե սեփականության իրավունքից զրկելու, այլ որոշակի տարրերի սահմանափակումների մասին, եւ որ ամենակարեւորն է, այս դեպքում՝ սոցիալական վճարը գործատուի սեփականությունը չէ: Դա վարձու աշխատողի փողն է, իսկ գործատուն ընդամենը միջանկյալ օղակ է, որպեսզի աշխատողի գումարը հասցնի նրա հաշիվներին:

Այս նախագծով երաշխավորվում է, որ ֆիզիկական անձանցից պահված, սակայն իրենց հաշիվներին չփոխանցված գումարը փոխանցվի այդ հաշիվներին»:

Նշենք, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում կուտակային պարտադիր վճարների մասով հավաքվել են 622 մլն դրամի ապառքներ: